Խորհրդարանում այսօր այն եզակի օրերից էր, երբ քննարկումները հիշեցնում էին, որ ԱԺ-ն իսկական քաղաքական ամբիոն է: Նախկին երկու վարչապետները փոխադարձ վիրավորանքների դաշտ անցան և հիշեցրին միմյանց պաշտոնավարման տարիները: Առիթն ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգելու մասին համաձայնագրի քննարկումն էր, երբ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նկատի ունենալով Հրանտ Բագրատյանին, նետեց. «Հաճախ այս ամբիոնն օգտագործվում է ոչ վաղ անցյալի պատմությունը հմտորեն սրբագրելու համար»: Ապա հավելեց. «Ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ: Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է: Փակվել են և՛ ատոմակայանը, և՛ «Նաիրիտը»: Սա պատմական փաստ է: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ, Վազգեն Մանուկյանը ստանձնեց պատասխանատվությունը ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին: Երբ նա խոսում էր այդ մասին, Մելիք-Ադամյան փողոցում հավաքված ժողովուրդը բղավում էր՝ ամո՛թ, ամո՛թ: Բայց նա բարձրաձայնեց դրա մասին: Իրողությունը սա՛ է»:
Հարությունյանի պատմական ակնարկը զայրացրեց նախկին մյուս վարչապետին` Հրանտ Բագրատյանին, ու նա ամբիոնին մոտենալով՝ պատմության սեփական մեկնաբանությունը տվեց. «Կան փաստեր: Մենք կարող ենք դուրս գալ, գնալ գրադարան: Ատոմակայանի վերագործարկման որոշումը կայացրել է ԳԽ-ն՝ 1991-ի մարտին, վարչապետ, ձեր խոնարհ ծառա Հրանտ Բագրատյանի նամակի հիման վրա: Բան չունեմ ասելու, պարոն Հարությունյան, բարի լինեիք, դուք բացեիք: Բարի լինեիք, 40-տոկոսանոց անկում ցույց չտայիք: Այդ մութ ու ցուրտ տարիները, որ ասում եք, դա եղել է 92-ից հետո: Ոչ ոք իրավունք չունի այստեղից այդպիսի բան ասելու: Եկեք իրար հետ գնանք գրադարանում նայենք՝ երբ է ընդունվել վերագործարկման որոշումը: Ես ինձ վրա պատասխանատվություն վերցրել եմ»: Ինչ վերաբերում է ատոմակայանի փակման գործում ՀՀՇ-ի դերակատարմանը, Բագրատյանը վստահեցրեց. «Ատոմակայանը փակելու գործում ՀՀՇ չի եղել: Ոչ ոք իրավունք չունի այստեղ չեղած բաներ ասելու: Լավ կլիներ այս ամենի մասին ավելի մանրամասն պատմության գրքերում ֆիքսեին: Իրար գլուխ չարդուկենք, չաքլորանա՛լ: Կարող ենք գնալ գրադարանում նայել այս որոշումները»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ